Թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆՆ այն տեսակետին է, որ Ադրբեջանի պաշտպանությունը վաղուց էր Թուրքիայի ձեռքն անցել, հիմա մեկ այլ գործընթաց է տեղի ունենում՝ թուրքական իշխանությունները «մաքրում» են Ադրբեջանի վերնախավի այն ներկայացուցիչներին, որոնք ռուսական «դպրոց» են անցել կամ ռուս բարեկամներ ունեն:
«Իրատեսի» հետ զրույցում նա մեկնաբանում է՝ հայր Ալիևը, ի տարբերություն որդի Ալիևի, բավական խելացի էր (ի միջի այլոց, խելացի թշնամի ունենալը նույնպես բախտավորություն է) ու որևէ կերպ թուրքական ազդեցության տակ չէր մտնում: Հիշում է՝ մի տեսագրություն կա անգամ, որտեղ Հեյդար Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ, ու իրենք որևէ իրավունք չունեն Ղարաբաղի նկատմամբ:
- Բայց խելացի Ալիևից հետո եկավ հիմար Ալիևն ու իրեն ամբողջությամբ թուրքերի ձեռքը գցեց կամ թուրքերը վերցրին իրեն ու սկսեցին թուրքական քաղաքականությունը առաջ տանել, ինչը Հեյդար Ալիևի վարած քաղաքականության հակադրությունն էր,- ասաց թուրքագետը։- Ալիևն այսօր միայն ինչ-ինչ գյուղեր «գրավելու» մասին հայտարարություններ է անում, մնացածով զբաղվում են թուրքերը: Իսկ երբ խնդիրներ են առաջանում, տեսնում եք, Թուրքայի արտաքին գործերի նախարարը կամ մեկ այլ պաշտոնյա է մեկնում Բաքու:
-Ասում եք` Թուրքիան ազատվում է Ադրբեջանի ռուսամետ պաշտոնյաներից: Փաստորեն Անկարան Արցախի, ինչու ոչ, նաև տարածաշրջանի այլ խնդիրների մասով Մոսկվային չխառնվելու ազդակ է հղում:
-Ճիշտ եք մեկնաբանում, և հույս ունեմ, որ ռուսներն այս ամենը հասկանում ու տեսնում են, թեև նրանց գործողություններից այդ ամենը չի նկատվում: «Ռուսաթափման» այդ գործընթացը, առաջին հերթին, հենց Ռուսաստանի համար է վտանգավոր, քանի որ տարածաշրջանը ռուսական է, Ադրբեջանն էլ ՌԴ-ի հետին պարտեզն է, ու Թուրքիան այն իրենով է փորձում անել: Զարմանալին այն է, որ այդ հանգամանքը Ռուսաստանին չի բարկացնում, ավելին՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ Թուրքիան իրենց լավ գործընկերն է: Հետաքրքիր է՝ ո՞ր առումով է լավ գործընկեր, ի՞նչ գործեր են անում: Տարածաշրջանը մասնատվում է, փաստացի փորձում են վերցնել ՌԴ-ի ձեռքից, ու դա արդեն մտածելու տեղիք պետք է տա: Միշտ այն կարծիքին եմ, որ ռուսները, որ միշտ լավ բանակ ու զինվորներ են ունեցել, երբեք էլ լավ դիվանագետ չեն եղել: Կարծում եմ՝ այժմ էլ նույնն է կատարվում, ռուս դիվանագետներն այժմ խայտառակ աշխատանք են կատարում տարածաշրջանում: Եթե ինչ-որ հրաշքով թուրքերին ու ադրբեջանցիներին հաջողվի ինչ-ինչ հաջողություններ գրանցել այս պատերազմում, ապա ՌԴ-ն շատ մեծ խնդիրների առաջ կկանգնի: Ինչու՞, բացատրեմ. Թուրքիան սկսելու է իրագործել Մեծ Թուրանի իր ծրագիրը, ու այնպես չէ, թե թուրքը, ռուսի նման, ասելու է՝ ռուսը լավ «պարտնյոր» է, ու խնայելու է նրան: Իհարկե ոչ, ռուսը թուրքի համար միշտ էլ ախոյան է եղել, ամենավտանգավոր թշնամի: Արտաքուստ գուցե ցույց է տալիս, թե «պարտնյորություն» է անում, բայց ներքուստ միշտ էլ փորձել է կազմալուծել Ռուսաստանը:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ դեմ չէ Արցախում ռուս խաղաղապահ զորքերի տեղակայմանը: ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել սկանդինավյան երկրների, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի զորքերն այստեղ ուղարկելու: Թուրքիան էլ տասնամյակներ շարունակ պնդում է՝ ինքը նույնպես պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում: Ո՞վ, ինչպե՞ս ու ինչքանո՞վ կներգրավվի բանակցությունների նոր փուլում:
-Թուրքայի՝ բանակցությունների կողմ դառնալը բացառապես իր, ոչ թե Ալիևի ցանկությունն է: Անկարայի այս նկրտումները վտանգ են նաև Ռուսաստանի համար, ու Մոսկվայում, այս ամենը հասկանալով, փորձում են կանխել դա ու հստակ հայտարարում՝ Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին անկարելի է: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա այստեղ մի հարց կա. մենք խոսում ենք Արցախի՞, թե՞ Հայաստանի՝ Սյունիքի տարածքում տեղակայվելիք խաղաղապահների մասին: Վարչապետ Փաշինյանի խոսքից ենթադրել կարելի է, որ խոսքը Սյունիքի մասին է: Գալով Ամերիկային՝ ակնհայտ է, որ նա, առաջին հերթին, ուզում է փչացնել Ռուսաստանի գործերը: ՈՒ եթե ռուսն ասում է՝ ես պատրաստ եմ իմ խաղաղապահներին տեղակայելու, ԱՄՆ-ը դրա դեմ հակաքայլ է անում՝ հայտարարելով սկանդինավյան երկրների առաքելության մասին: Բայց Ամերիկային այստեղ չեն ընդունի, հետևաբար մտածում է՝ ավելի լավ է սկանդինավյան երկրների զորքերի տեսքով իր ներկայությունն ապահովի: Բայց վաղը, մյուս օրը խաղաղապահները կարող են ասել՝ ներեցեք, մենք պաշտպանել կամ ռազմական գործողություններ իրականացնել չենք կարող, կարող ենք միայն արձանագրել՝ ով և ինչպես հարձակվեց կամ պաշտպանվեց: Լավ, ենթադրենք խաղաղապահները ներդրվեցին, բայց հարցը հո դրանով չի՞ լուծվելու: Նրանք զինվորներ են ընդամենը, հաճախ իրենց աչքի առաջ մարդ են մորթում, բայց նրանք ոչնչի չեն խառնվում, որովհետև այդպիսի հրաման չունեն: Կարճ ասած՝ ինչքանով են նրանք խաղաղություն պահպանող, դա քննարկման հարց է: Մեր մեջ թեև շատ են ամերիկամետները, որ ողջունում են ԱՄՆ-ի՝ խաղաղապահների մասին հայտարարությունը, բայց հարց է՝ ի՞նչ կստանանք ու ի՞նչ կկորցնենք, եթե այս ծրագիրը կյանքի կոչվի:
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ